26/05/2016 10:50
Ռուսական կողմի խնդրանքով՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն կսկսի Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտում
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ռուս պաշտոնյայի խնդրանքով՝ ուսումնասիրություն կսկսի Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտում, տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայությունը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և առևտրային խորհրդատու Իգոր Զինովևին:
«Ա. Բաբկոն ՏՄՊՊՀ նախագահին խնդրել է, որպեսզի Հանձնաժողովը ուսումնասիրություն իրականացնի Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտում», - հայտնում է ՏՄՊՊՀ-ն:
Ռուս պաշտոնյան նշել է, որ Հայաստանում արտադրված բանջարեղենները մեծ պահանջարկ ունեն ՌԴ-ում, այդ իսկ պատճառով իրենց կողմից ծրագրի լիարժեք և բարեհաջող իրագործումը խիստ կարևորվում է:
Նշվում է, որ հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը ՝ արձագանքելով ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում առաջացած մրցակցային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Ա. Շաբոյանը ընդգծել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը, ինչը լիարժեք իրավական հիմքի վրա կդնի մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները: