26/05/2016 15:54
Փիթեր Բալլաքյան. Հայաստանի Հանրապետությունը հույս է աշխարհի հայերի համար
Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է, այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությանն ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սիրելի մրցանակակիրներ, վստահ եմ, որ կանգ չեք առնելու և չեք բավարարվելու ձեր կատարած աշխատանքով ու ձեռքբերումներով: Իմ միակ ցանկությունն է, որ այս մրցանակը լինի ձեր կատարած աշխատանքի ճանաչման միայն սկիզբը: Հուսով եմ՝ դրան կհաջորդեն ձեր նոր ստեղծագործական թռիչքները, որոնք կարժանանան միջազգային ճանաչման»,- իր ելույթում ասաց նախագահը:
Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնեցին Սերժ Սարգսյանն ու «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
Իր ելույթում Ա. Պողոսյանը նշեց, որ Հայաստանն այսօր մարտահրավերների խաչմերուկում է ու իրավիճակին տիրապետելու համար պետք է միշտ պատրաստ լինել բոլոր զարգացումներին:
«Պետք է լինել մշտարթուն, ունենալ լավ առաջնորդություն, որը կտանի մեզ դեպի իրավունքի գերակայության պետություն»,- ասաց Ալբերտ Պողոսյանը:
Այս տարի առանձնահատուկ էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող ՀՀ նախագահի մրցանակը:
Դրան արժանացան եգիպտացի Մոհամեդ Հանաֆի Նասրն ու Միրիամ Զաքին՝ «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար ու գրող, «Պուլիցերյան» մրցանակի դափնեկիր Փիթեր Բալլաքյանն՝ իր գրական ստեղծագործությունների համար:
Փ. Բալլաքյանը Հայոց ցեղասպանությանն անդրադարձել է մի շարք ստեղծագործություններում՝ «Ճակատագրի սև շունը» վեպում, ինչպես նաև «Օզոն» ժողովածուի մեջ, որի համար էլ ստացել է «Պուլիցերյան» մրցանակ.
«100 տարի առաջ պապս այն 250 մտավորականների թվում էր, ովքեր ձերբակալվեցին ու աքսորվեցին Պոլսից ապրիլի 24-ին: Նա, տեսնելով գաղթի ողջ ճանապարհը, երազանք ուներ ու այսօր նրա երազանքն իրականացել է Հայաստանի Հանրապետության տեսքով»,- ասաց Փիթր Բալլաքյանը:
Նա ընդգծեց՝ եղել է աշխարհով մեկ սփռված բազմաթիվ հայկական համայնքներում ու բոլորի համար հենասյուն է Հայաստանը:
«Հայաստանի Հանրապետությունը հույս է՝ ամբողջ աշխարհի հայերի համար»,- ամփոփեց գրողը:
Եգիպտացի մրցանակակիր Մոհամեդ Հանաֆի Նասրն էլ իր ելույթում նշեց, որ ստացած մրցանակը ցանկանում է նվիրել 1,5 մլն անմեղ հայերի ու Եգիպտոսում արյունահեղություններ զոհ դարձածների հիշատակին:
Մրցանակնեի հանձնվեցին բնական, տեխնիկական, հումանիտար գիտությունների ոլորտներում, բժշկագիտությունում, գրականությունում, ֆիզիկայում:
Հանձնվեցին նաև ՀՀ նախագահի 2015թ.-ի երիտասարդական մրցանակները: