26/05/2016 15:02
էկոնոմիկայի նախարարությունը կրճատել է ինը ծառայողական մեքենա
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի կարողացել հայտնել, թե իր ղեկավարած կառույցում ծառայողական ինչ մեքենաներ են կրճատվել:
«Դրանցից ինը կրճատվել են», - կառավարության նիստից հետո լրագրողներ հետ զրույցում ասաց նախարարը:
Վերջինս նշեց, որ ստեղծվել է աշխատանքայն խումբ, որը զբաղվում է նախարարության աշխատանքների ուսումնասիրմամբ:
«Այն, որ էկոնոմիկայի նախարարությունը կարիք ունի կառուցվածքային լուրջ վերանայումների, դա իրողություն է: Ինքս էլ այդպես եմ կարծում, քանի որ այն գործառույթները, որոնք Սահմանադրությանը համապատասխան նախարարությունը պետք է իրականացնի, դրանք կապված են ինչպես հակամենաշնորհային քաղաքականության, այնպես էլ արտաքին առևտրի ու այլ հարցերի հետ», - ասաց նա:
Մինասյանը ընդգծել է, որ բոլոր ոլորտները կարիք ունեն նոր մոտեցումների ու կադրերի:
«Այս համատեքստում ակնհայտ է, որ էկոնոմիկայի նախարարությունը վերանայելու է իր կառուցվածքը, որպեսզի ավելի օպտիմալ կառուցվածքով ավելի արդյունավետ, լայն և ընդգրկուն աշխատանք կարողանանք իրականացնել»,- ասաց նախարարը:
Մինասյանը նշեց նաև, որ մինչև սեպտեմբեր նախարարությունում կլինեն փոփոխություններ, որոնք կներկայացվեն: