27/05/2016 10:31
Ծառուկյանը հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրվել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել։ Թերթը հիշեցնում է, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։
Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ «Ժողովուրդը» փորձել է մեկնաբանություններ ստանալ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից։ Ի պատասխան Տոնոյանն ասել է. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որևէ տեղեկության չեմ տիրապետում։ Կարծում եմ՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, և հետո Գագիկ Ծառուկյանը մշտապես իր անելիքների ու ծրագրերի մասին անձամբ է հայտարարել, և կարծում եմ՝ այս հարցը ևս բացառություն չի լինելու»։