27/05/2016 16:44
ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված նորարարական մրցույթ կանցկացնի
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 40 տոկոսը ապահովում է Արարատյան դաշտավայրը, որտեղ բնակվում է երկրի բնակչության 18 տոկոսը: Վերջին մի քանի տարիների ընթացքում դաշտավայրի ջրօգտագործողների, այդ թվում` տեղի ֆերմաների և ձկնաբուծարանների պատճառով ջրի մակարդակը նվազել է այն աստիճանի, որ 32 համայնքներ, որոնք նախկինում հոսող ջուր են ունեցել, այժմ ստիպված են արտամղել ստորգետնյա ջրերը: Հայաստանն ապագայում կարող է ջրային ռեսուրսների պակաս ունենալ: Ամբողջ տարածաշրջանն այժմ ջրի մարտահրավերի առջև է կանգնած. պահանջարկը շարունակ ավելանում է, մինչդեռ առաջարկը` նվազում, հայտնում է ԱՄՆ ՄԶԳ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում, որպես Գիտության, տեխնոլոգիայի, նորարարության և համագործակցության (STIP) ծրագրի մի մաս, ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատել է Հայաստանին կանաչ ճանապարհ ապահովելու համար նորարարական լուծումներ մշակելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ ջրային ոլորտի վերջին նախաձեռնություններից է 24-ժամյա Ջրի իդեաթոնը` գաղափարների մրցույթ, որի միջոցով հայաստանյան և ամերիկյան գործընկերները կխրախուսեն տարբեր տարիքի և կրթության տեղացի տաղանդների նոր մոտեցումներ առաջարկել Հայաստանի ջրային ռեսուրսների մարտահրավերները լուծելու համար:
«Անհրաժեշտ են նորարարական և համատեղ ջանքեր այս խնդիրների վատագույն ազդեցությունը կանխելու և Հայաստանի համար ջրային ռեսուրսների կառավարման կայուն ուղի ապահովելու համար», - նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
«Մեր հայաստանյան և ամերիկյան գործընկերների, այդ թվում` «Մայքրոսոֆթ»-ի, «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի, «Այ-Բի-Էմ»-ի և «Կոկա-Կոլա»-ի հետ իրականացվող այս բացառիկ ծրագրի միջոցով մենք հայաստանցիներին կհրավիրենք կիրառել իրենց գիտելիքն ու հմտությունները` երկրի ջրամատակարարման մարտահրավերները լուծելու նպատակով: Ծրագիրը նաև կօգնի Հայաստանում կարևորել ջրային ռեսուրսների կայուն համակարգի ստեղծումը» , - ասել է ամերիկացի դիվանագետը:
Հունիսի 11-12-ին կայանալիք Իդեաթոնի ընթացքում ընտրված թիմերը կհավաքվեն ԹՈՒՄՈ կենտրոնում և կունենան մոտ 24 ժամ` Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող որևէ կոնկրետ խնդրի լուծում գտնելու համար: