27/05/2016 13:50
Ադրբեջանն անակնկալի է եկել ՍԾՏՀ ԽՎ նիստում Թուրքիայի անտարբեր վերաբերմունքից
Աթենքում մայիսի 23-24-ը տեղի է ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի իրավական և քաղաքական մշտական հանձանաժողովի համատեղ նիստում հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում մի քանի հազար մարդ լքել է բնակավայրը և դարձել փախստական:
«Մշտական հանձնաժողովի ժամանակ քննարկվել է փախստականների հարցը, ինչը բավականին մտահոգիչ է: Մենք համապարփակ զեկույց ներկայացրինք, թե այս ընթացքում ինչ է կատարվել մեր երկրում փախստականների իրավունքների պաշտպանության առումով: Մասնավորապես ներկայացրել ենք, որ հինգ հազարից ավելի փախստականներ ենք ունեցել Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում, որոնց աջակցել ենք կացության, քաղաքացիություն տրամադրելու հարցերում», - ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայկական պատվիրակության անդամ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա նշեց նաև, որ համաժողովի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է մեղադրել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, որ հայկական կողմի, իբր, ագրեսիայի արդյունքում իրենք ունեն մոտ մեկ միլիոն փախստական:
«Մենք նրանց դիմակը պատռեցինք՝ ասելով, որ տեղի է ունեցել հակառակը՝ Բաքվի, Սումգայիթի դեպքերի արդյունքում էթնիկ զտումների արդյունքում տեղի ունեցավ հերթական ցեղասպանությունը՝ հայ ազգի նկատմամբ: Ես դա այդպես որակեցի: Ես ասացի նաև, որ ադրբեջանցիները նրանք են, որոնք սովոր են քնած մարդուն կացնահարել, կտրել ծերունիների ականջները», - ասաց Հ.Մարգարյանը:
Պատգամավորն ընդգծեց նաև, որ համաժողովի անդամ մյուս երկրների կողմից ընդունվել են հայկական կողմի ներկայացված փաստարկները:
«Նույնիսկ Թուրքիան է անտարբերությամբ արձագանքել է Ադրբեջանի ելույթին: Դա սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար: Ադրբեջանի համար սառը ցնցուղ էր նաև, երբ ինձ վերընտրեցին իրավական ու քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ», - ասաց Հ.Մարգարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հայկական կողմը դեմ է արտահայտվել ներկայացված բոլոր բանաձևերին, քանի որ դրանք բոլորը կամ ներկայացված էին Ադրբեջանի կողմից, կամ՝ խմբագրված ադրբեջանցիների կողմից:
«Իսկ հայկական կողմի բանաձևը միանգամից տեղափոխվեց Սևծովյան համագործակցության վեհաժողվոի լիագումար նիստի քննարկում», - ասաց նա:
Հաջորդ վեհաժողովը տեղի է ունենալու հունիսի 25-ին՝ Մոսկվայում: