27/05/2016 16:11
Ավետիսյանների իրավահաջորդները պահանջում են ՌԴ-ից 450 հազար եվրոյի փոխհատուցում
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով քաղաքացիական հայցի միջնորդություն է ներկայացվել, որի պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է:
Հայցվորները տուժողների իրավահաջորդներն են:
Ըստ ընթերցված միջնորդության՝ Գյումրիում տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հասցվել է ոչ նյութական վնաս, խախտվել է ՄԱԿ կոնվենցիայով սահմանված կյանքի իրավունքը: Ռուսաստանը, լինելով այդ կոնվենցիայի անդամ, հանդիսանում է պատասխանող կողմ և պատասխանատվություն է կրում Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների գործողությունների համար:
Հայցում ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար պահանջում են 50 հազար եվրո և 100 հազար եվրո երեխաներ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների համար:
Հայցն ընթերցող փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունն արտասահմանյան ծառայության է ուղարկել մի մարդու, ով ակնհայտորեն որոշակի մտավոր շեղումներ է ունեցել:
Իսկ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունն, այնուամենայնիվ, հնարավոր է գտել նրան տաբելային զենք տրամադրել՝ այդպիսով թույլ տալով մի շարք խախտումներ: