27/05/2016 12:51
Արա Վարդանյան. «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա մարաթոնի հասույթը կուղղվի Արցախում ապրիլյան պատերազմի ավերածությունների վերացմանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Եթե այլ առաջարկներ չլինեն, երևի թե դա կընդունվի որպես այս տարվա գլխավոր ռազմավարական թեմա»,- ասաց Ա. Վարդանյանը:
Ըստ նրա՝ աջակցությոն է տրվելու ինչպես տների վերանորոգման տեսքով, այնպես էլ՝ դեղորայքով ու այլ պարագաներով:
«Քառօրյա պատերազմի ավերածություններից բացի, Արցախում կան բազմաթիվ խնդիրներ` լինի ջրատարների կառուցում, դպրոցների շինարարություն և այլն: Պարզապես այս տարի ավելի շատ կենտրոնանալու ենք այն շրջանների վրա, որոնք ավելի շատ են վնասվել այդ օրերի ընթացքում»,- ամփոփեց Արա Վարդանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևանում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը: