27/05/2016 11:59
ԼՂՀ իրավապաշտպան հաստատությունների մասնակցությունը միջազգային մակարդակի քննարկումներին կարևոր է. ՄԻՊ
ԼՂՀ իրավապաշտպան և ժողովրդավարական հաստատությունների մասնակցությունը միջազգային մակարդակի քննարկումներին կարևոր է՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված է հենց ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի հետ հանդիպմանը, տեղակցնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները և ընդգծել, որ դրանք այդ պետության բարձր աջակցությամբ իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանքն են:
Արման Թաթոյանը նշել է ԼՂՀ իրավապաշտպան և ժողովրդավարական հաստատությունների մասնակցության կարևորությունը միջազգային մակարդակի քննարկումներին՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված էր հենց ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ և որ իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ է՝ անկախ որևէ հանգամանքից: Դա կարևոր է բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ շարունակական քաղաքականության պայմաններում:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր:
Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է վատ վերաբերմունքի կանխարգելումը ազատությունից զրկման վայրերում, այս նպատակով Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը: Կարևորվել է քաղաքացիական հասարակության և անկախ մասնագետների հետ համագործակցությունը՝ որպես արդյունավետ աշխատանքի գրավական:
Ընդգծելով Պաշտպանի հաստատության կանխարգելիչ դերը՝ կողմերը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ իրավունքների պաշտպանության հարցը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել՝ նշված հարցերում համատեղ ծրագրերի իրականացնելու, կարևոր արդյունքներ արձանագրելու համար: