27/05/2016 16:36
Բուհերը պետք է մաքրել տգետներից. ԿԳ նախարարությունը նոր ծրագիր է մշակում
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին առաջարկում է հեղափոխական փոփոխություններ իրականացնել բուհական և հետբուհական համակարգում:
Նա հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել ծրագիր, որի նպատակն է «բուհերը մաքրել անգրագետներից ու տգետներից»:
«Էլիտար ուսանողներ, էլիտար բուհերն արմատախիլ անելու համար մենք պետք է անցնենք հեղափոխական լուծումների: Մենք առաջարկում ենք բոլոր ուսանողներին առանց քննությունների սովորել վեց ամիս, ինչից հետո խստագույն քննություններ հանձնել, որովհետև այդ համակարգը պետք է զտվի, որովհետև կան էլիտար ֆակուլտետներ, որոնք շատ կարևոր են երկրի համար, սակայն այնտեղ շարքային, բայց շատ տաղանդավոր ու անվճարունակ ուսանողները չեն ընդունվում և այսօր իրավաբաններ, դատավորներ, դեսպաններ ու բժիշկներ են դառնում միայն վճարունակները: Այսօր մեր հիվանդանոցները, արդարադատության համակարգը լցվել է տգետ բժիշկներով, իրավաբաններով ու դատավորներով, ինչը դառնում է արդեն համազգային ու լրջագույն խնդիր», - հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ոչ բոլորն են տգետ, սակայն կրթական համակարգում խնդիրները բազմաթիվ են:
Նրա խոսքով, նախարարությունը մշակում է բուհական ծրագիր, որն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել քննարկման:
«Խոսքը վերաբեում է միասնական քննություններին ու պետպատվերի քննություններին», - ասաց Լ.Մկրտչյանը:
Նախարարը նկատեց, որ Հայաստանում բավականին բարձր ցուցանիշ է կազմում աղքատությունը, որը գնալով արմատանում է, հետևաբար կա մի շերտ, որն ընդհանրապես «շանս չունի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու»:
«Մենք առանձնացնելու ենք երեք մաս՝ միասնական, պետական պատվերը և մրցույթը, ԳԹԿ-ին տանք քննություններ իրականացնելու իրավունքը, այդ երեխաները կստանան վաուչեռ և սովորելու իրավունք, ով կսովորի նաև պետպատվերի շրջանակում: Այստեղ մենք առաջարկելու ենք, որպեսզի սոցիալական պատվերը լինի 50-60 տոկոս: Եթե մենք կարողանանք պետպատվերը իսկապես հասցեական դարձնել, ապա շատ խնդիրներ իսկապես կլուծենք և կլինի գիտելիքի հենք, ինչը լուրջ կթեթևացնի ծանրացած խնդիրները», - ասաց Լ.Մկրտչյանը:
«Եթե մենք կարողանանք արմատապես փոխել ավագ դպրոցի ինստիտուտն ու մագիստրատուրան, ապա արդյունքները տեսանելի կլինեն: Դրանցից մեկը ճանապարհ է հարթում բուհ, մյուսը՝ ասպիրանտուրա՝ գիտություն և աշխատաշուկա: Եթե մենք այդ ծրագրերը վերադարձնենք ազգային կրթություն, ապա իսկապես կունենանք տեսանելի արդյունքներ», - նշեց նախարարը: