27/05/2016 13:11
Հովհաննիսյան. Հայաստանում այդպես էլ ճանապարհային երթևեկության կազմակերպման համակարգը չի կայանում
Տպավորություն է, որ ճանապարհային ոստիկանության վրա գումարներ հավաքելու, տուգանելու խնդիր է դրված, լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Մեզ հասած բողոքները, որոնք ուղարկվում են ոստիկանություն, բոլորը մերժվում են և թողնում ամփոփոխ: Դրանից հետո բնական է՝ դիմում ենք դատարան և բացի մեկ դեպքից, բոլորում վարորդները՝ մոտ 30 դատական գործ, շահել են: Սրանից կարելի է եզրակացության գալ, որ գումարներ հավաքագրելու խնդիր է դրված»,-ասաց նա:
Է. Հովհաննիսյանի խոսքով՝ ընդունված որոշումները հիմնականում չեն համապատասխանում թե տեսագրած խախտումենրին, թե օրենսդրության պահանջներին:
«Ճանապարհային ոստիկանության խնդիրը խախտումները կանխարգելելը պետք է լինի, ոչ թե՝ տուգանելը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախորդ տարիների համեմատ տուգանքների թիվն ավելացել է տեսախցիկների և արագաչափերի թվի ավելացմանը զուգահեռ:
«Ունենք զոհեր, բայց ոչ ոք հետևություն չի անում: Հայաստանում այդպես էլ ճանապարհային երթևեկության կազմակերպման համակարգը չի կայանում»,- եզրափակեց խոսքը նա: