27/05/2016 12:18
Կամո Արեյանը բացատրել է Երևանում նույն փողոցը մի քանի անգամ բարեկարգելու պատճառը
Երևանում նույն փողոցը մի քանի անգամ բարեկարգելու պատճառը ստորգետնյա ցանցի վթարների հաճախականությունն է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Ամբողջ կոյուղատար, հոսանքատար համակարգերն անցնում են ասֆալտապատ երթևեկելի հատվածի տակով, հետևաբար վթարների հետևանքով հաճախ են դրանք քանդվում: Պատճառը հիմնականում ստորգետնյա կոմունիկացիաների վթարներն են, որոնց հաճախականությունը մեծ է», - ասաց Կ.Արեյանը:
Նրա խոսքով, շաբաթական էներգամալուխների 60-70 վթար է տեղի ունենում, 30-40 վթար՝ ջրամատակարարման համակարգում:
«Դրանց մեծ մասը քանդում է պահանջում», - մանրամասնեց Կ.Արեյանը:
Նա նաև նշեց, որ քաղաքի ջրամատակարարման ցանցը տասնամյակների պատմություն ունի:
«Այն ֆիզիկապես մաշված ու հնացած է, իսկ վթարների հաճախականությունը նորմայից դուրս է: Այո, մենք ստիպում ենք, որպեսզի որակյալ ասֆալտապատում իրականացնեն, բայց շատ դեպքերում որակյալ աշխատանք չի լինում, և մենք նորից ենք պարտադրում, որպեսզի դրանք բերվեն նախկին տեսքին ու որակին», - ասաց Կ.Արեյանը: