27/05/2016 18:12
Հրանուշ Հակոբյան. Սիրիահայերի ներհոսք է սպասվում Հալեպից
Սիրիայում ապրում է մոտ 25 հազար հայ, որոնցից շուրջ 15 հազարը Հալեպում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով, սիրիահայերի ներհոսք է սպասվում Հալեպից:
«Այստեղ երկու խնդիր ունենք. առաջինը՝ բնակարանը կա, ամենի ինչ կարգին է, պարզապես ընտանիքի թիվը կավելանա, մյուսը՝ կարող է նոր ընտանիք գա, որի բնակարանի հարցի, ապրելու, կենցաղային իրերի և մնացած հարցերը մենք պետք է Երևանի քաղաքապետրանի և մյուս կառույցների հետ լուծենք: Ինչ վերաբերում է երեխաների կրթության, ուսանողների վարձերի և այլ հարցերին, ապա այդ հարցերն ընդհանուր առմամբ լուծված են», - վստահեցրեց նախարարը:
Հ.Հակոբյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սիրիահայերի մեծ մասն ուզում է հաստատվել Հայաստանում, այլ ոչ թե հեռանալ:
«Դեռ երկու տարի առաջ մտածում էին, այո, որ պետք է վերադառնան Սիրիա, իսկ այսօր արդեն՝ հասկանում են, որ ուզում են այստեղ հաստատվել: Նրանք այդ ժամանակ իրենց ձեռքի գումարն արդեն ծախսել էին և դժվարություններ կային, բայց այսօր հասկանում են, որ եթե առաջին իսկ պահից սկսեին ինտեգրման գործընթացով զբաղվել, ավելի հեշտ կլիներ», - ասաց նախարարը:
Հ.Հակոբյանը հավաստիացրեց, թե այսօր Հայաստան հաստատվելու են ժամանում ոչ միայն Սիրիայից, այլև Լիբանանից, նույնիսկ՝ Բելառուսից:
«Ներգաղթը պարտադիր չէ, դա կամավոր է: Մարդը գալիս է, ապրում, աշխատում ու հարմարվում է, նոր հաստատվում: Ներգաղթը դա 46-48 թվականների ներգաղթը չէ: Տա Աստված, որ մեր Հայատանն այնքան հրապուրիչ ու հմայիչ լինի, որ բոլորը գան ու չգնան: Փետրվարին նախագահ Սարգսյանը ներկայացրեց այն բոլոր հարցադրումները, որ վերջին շրջանում ներկայացանում է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պետք է յուրաքանչյուրս մեր տեղում ճիշտ ու լավ աշխատենք: Եթե մարդու առջև դրված են որոշակի պարտավորություններ, ապա նա պարտավոր է դրանք կատարել», - եզրափակեց նա: