27/05/2016 12:44
Նոր արձանները սուր քննադատության են ենթարկվում, դա նրանց ճակատագիրն է. Արեյան
Նոր արձանները միշտ էլ սուր քննադատության են ենթարկվում, դա նրանց բախտն ու ճակատագիրն է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Առաջին տեղադրումից հետո սկսում են անուններ տալ, հետո սկսում են արձանի հետ մտերմանալ, նկարվել: Հիշեք Առնո Բաբաջանյանի արձանը: Քաղաքի միջավայրի կենդանի էֆեկտը այն է, որ մարդիկ հաղորդակից լինեն արձանի հետ: Մենք այդպիսի արձաններ շատ ունենք՝ վերջին երկու արձանները՝ Գարեգին Նժդեհը և Համազասպ Բաբաջանյանը», - ասաց Կ.Արեյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևանում նոր այլ արձաններ են տեղադրվելու:
«Առաջիկայում կտեղադրվի «Արարատ 73-ի» արձանը: Հավանություն տվեցինք տեղին՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, և կլինի արձանախումբ: Մենք մեր արժեքներով պիտի հպարտանանք, արձանները դառնում են մեր կյանքի մասնակիցը», - ասաց փոխքաղաքապետը:
Նա նաև խորհուրդ տվեց քանդակագործներին հագեցնել Երևանը փոքր քանդակներով:
«Այդ ֆորմատի մեջ ինձ ամենահարազատը «Ջուր ծախող տղայի» արձանն է, շուտով այդ այգին կվերակառուցեն: Նման արձաններ շատ ունենք՝ «Նստած կինը», «Սիրում եմ, չեմ սիրում» և այլն: Փոքր ֆորմաները մեր քաղաքում, ճիշտ է, քիչ են և ես խորհուրդ կտամ մեր քանդակագործներին նման քանդակներով հագեցնել մեր քաղաքը», - ասաց Կ.Արեյանը: