28/05/2016 10:29
Մայիսի 28. Առաջին Հանրապետության օրն է
Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը, քանի որ Հայոց ազգային խորհուրդը 1918-ի այս օրը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Առաջին Հանրապետության օրը Հայաստանում պաշտոնապես նշվում է 1996 թվականի փետրվարի 21-ից, երբ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը դարձավ Առաջին Հանրապետության տոն:
Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Սարդարապատում է հավերժանում հայ ժողովրդի հերոսների հիշատակը հավեժացնող հուշակոթողը։
Նշենք, որ 1918թ. մայիսին հայկական կանոնավոր ուժերը և կամավորները Սարդարապատում կարողացան հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երևան:
Այս հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 98 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:
Սակայն, Հայաստանի անկախ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ և Հայաստանը կորցրեց անկախությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի ներխուժման հետեւանքով: Բանակի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց: