28/05/2016 15:24
Մենաշնորհների դեմ պայքարում ՊԵԿ-ի դերակատարումն, ըստ Հովսեփյանի. «Բոլոր...»
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովիկ Հովսեփյանն այսօր խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին Սարդարապատի հուշահամալիրում:
Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, Հ.Հովսեփյանը լրագրողների հարցերին հիմնականում կցկտուր պատասխաններ էր տալիս՝ նշելով, թե տեղյակ չէ կամ չի ցանկանում դրանց պատասխանել:
Հարցերի մեծ մասը, բնականաբար, զայրացրեց պաշտոնյային, ով նշեց, որ եկել է Սարդարապատի հուշահամալիր տոնակատարությանը մասնակցելու, այլ ոչ թե լրագրողների հարցերին պատասխանելու համար:
«Այսօր հարցերի պատասխանելու օր չէ», - ասաց նա՝ նշելով, թե երբ գա ժամանակը, կպատասխանի բոլոր հարցերին, սակայն, թե երբ կգա այդ ժամանակը, Հ. Հովսեփյանը չհստակեցրեց:
Նկատենք, որ գրեթե միշտ Հ.Հովսեփյանը տարբեր պատճառաբանությամբ լրագրողների հարցերը թողնում է անպատասխան: «Մնացած օրերին, երբ դուք կամենաք խոսել, ես պատրաստ եմ խոսել: Այսօր տոն է, ես տոնակատարության եմ եկել», - հեգնեց նա՝ խորհուրդ տալով հարցեր չտալ:
Լրագրողի դիտարկմանը՝ թե ինչո՞ւ է խուսափում հարցերին պատասխանելուց, արդյոք թաքցնելու բան կա, Հ.Հովսեփյանը բորբոքված կրկնեց, որ հարցերին չի ցանկանում պատասխանել:
«Ասացի՝ չեմ ցանկանում ոչ մի հարցի պատասխանել», - ասաց նա ու անտեսեց մնացած մյուս բոլոր հարցերը, որոնք վերաբերում էին ՊԵԿ գործունեության հետ կապված հասարակության բողոքներին:
Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մենաշնորհների դեմ պայքար է սկսել, ի՞նչ անելիքներ ունի ՊԵԿ-ն այս առումով, Հ.Հովսեփյանի պատասխանը նորից կիսատ մնաց. «Բոլոր...»: