28/05/2016 17:21
Շարմազանով. Արձանի մեջ ներառված է Նժդեհի ամբողջական կերպարը
«Արցախյան հերոսամարտում մեր հաղթանակը, ապրիլյան քառօրյա պատերազմում մեր երիտասարդների տարած հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոր սերունդը ցեղակրոն, տարոնական և առաքելական-քրիստոնեական գաղափարախոսության կրողն է», - Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:
«Այո, այսօրվա սերունդը Գարեգին Նժդեհի արժանի հետևորդներն են, ովքեր իրենց մեջ կրում են նրա գաղափարախոսությունը», - ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը` շատ է խոսվում այն մասին, որ արձանը նման չէ Գարեգին Նժդեհի իրական կերպարին, Շարմազանովը չհամաձայնեց, ընդգծելով, որ դա պրիմիտիվ դատողություն է, քանի որ այս արձանի մեջ ներառված է Նժդեհի ամբողջական կերպարը:
«Առաջին իսկ օրվանից ես այցելել եմ արվեստանոց, հանդիպել քանդակագործի հետ և տեսել ու հետևել ենք նրա նրա աշխատանքին: Ես կարծում եմ, որ այս արձանը ֆանտաստիկ է, քանի որ այն հետագայում լինելու է հայ ժողովրդի ամենասիրելի արձաներից մեկը: Այս արձանի մեջ հեղինակը ցույց է տալիս և' Նժդեհի ոգին, և' ուժը, և' նրա հայացը, և' հավիտենականությունը», - ասաց նա: