28/05/2016 13:58
Ջոն Էվանս. Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ, հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը:
«(19)94 թվականին ղարաբաղյան կողմը հրադադարի պայմանագրի տակ ստորագրողներից մեկն էր և միշտ ակնկալվել է, որ որոշ փուլում Ղարաբաղը կմիանա բանակցություններին: Ապրիլյան իրադարձություններից հետո կարծում եմ, աշխարհում ավելի է զարգանալու այն մոտեցումը, որ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան», - ասել է Ջ.Էվանսը Վաշինգտոնում կազմակերպված ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները փորձում է խթանել առաջին հերթին հարաբերությունների բարելավումը ժողովուրդների միջև:
«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել, որպեսզի խնդիրը լուծվի տեղի ժողովրդի կողմից, այլ ոչ թե վերևներից որոշում իջեցվի: Մենք պետք է օգնենք բնակչությանը զարգացնել խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը», - ասել է Ջ.Էվանսը:
Դեսպանի կարծիքով, եթե խորհրդային տարիների սերունդներն ունեին միասին ապրելու փորձ, ապա վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում մեծացել են երիտասարդներ, որոնք երբեք չեն ապրել միմյանց հետ կողք կողքի: