28/05/2016 15:13
ՌԴ դեսպանատունը` Analitik.am-ին. Սխալ է շահարկել միջպետական հարաբերությունները սեփական շահն արդարացնելու համար
Սխալ է շահարկել միջպետական հարաբերությունները սեփական շահի, ինքդ քեզ արդարացնելու համար, երբ մեղադրվում ես քրեորեն պատժելի արարքի` շանտաժի համար, Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին այսկերպ է պատասխանել է Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Հայաստանում:
«Դեսպանատունը չէր պատրաստվում մեկնաբանել այս ակնհայտ անհեթեթ հայտարարությունը, սակայն տեսնելով, որ որոշ ԶԼՄ-ներ, լրագրողական էթիկան ու պրոֆեսիոնալիզմն անտեսելով, հեշտությամբ տարածում են այս հայտարարությունը` դեսպանատունը պատասխանում է` հայտնի է, որ Անի Հովհաննիսյանը չի սահմանափակվել միայն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով:
Երկրորդ` «գործակալ» բառը, որով Անի Հովհաննիսյանը բնորոշում է Տիգրան Ուրիխանյանին, փաստորեն կարելի է կիրառել նաև բոլոր մյուս պատգամավորների նկատմամբ, ում հետ դեպանությունը լավ հարաբերություններ ունի կամ հրավիրում է ընդունելությունների»,- ասված է հայտարարությունում:
Դեսպանատունը նշել է նաև, որ իրենց գործն է լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, իսկ բանսարկությունն իրենց գործի մեջ չի մտնում:
«Այսքանով դեսպանատունը թեման համարում է փակված: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լիովին կբացահայտեն այս գործն ու օրենքի համապատասխան վճիռ կկայացնեն»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեղադրանքով ձերբակալված Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, որում իր հետ կատարվողի մեջ մեղադրել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին:
Նա նշել է, որ Տիգրան Ուրիխաանյանը դեսպանության գործակալ է և օգնել է, որպեսզի ձերբակալությամբ կասեցվի իր գործունեությունը ՎՏԲ բանկի դեմ, որում ադրբեջանական հետք է հայտնաբերվել: