28/05/2016 11:26
Սերժ Սարգսյան. Նոր Սարդարապատ՝ հուսահատական պատերազմ, չի լինելու, որովհետև կա պետություն
Հանրապետության տոնը հայ ժողովրդի համար փրկության տոն է, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ ուղղված իր շնորհավորական ուղերձում:
«Այս տոնը մեզ համար առաջին հերթին փրկության տոն է: Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը և այդ հողակտորի վրա մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականությունը», - նշել է նախագահը:
Նրա խոսքով, հուսահատության և արնաքամության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան:
«Մայիսյան հերոսամարտերը և դրանց հաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անվանում: Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք և մենք ազատագրվեցինք: Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան թերևս ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք մենակ, ավելին՝ մենք դա արել ենք ի հեճուկս ճակատագրի հարվածներ», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
«Մայիսի 28-ով օտարի հպատակն ու գաղթականը դառնում էին պետության քաղաքացի: Դառնում էին մարդ, ով իր ոտքի տակ արդեն զգում էր ամուր հող, իսկ թիկունքում՝ պետություն: Պետություն, որի կառուցմանը պետք է լծվեր հենց ինքը: Պետություն, որին պետք է ծառայեր: Պետություն, որին պետք է պահանջներ ներկայացներ: Պետություն, որին պետք է քննադատեր՝ ավելի լավը դարձնելու ակնկալիքով: Պետություն, որ իր կիսամեռ ժողովրդից, որի գրեթե կեսն էլ որբեր էին, պիտի ստանար քաղաքական ազգ: Պիտի աճեցներ նոր սերունդ, վերածնված սերունդ, որ ունակ է գիտական, մշակութային և ռազմական նոր սխրանքներ գործել: Դա պետություն էր, որ կանխորոշեց Խորհրդային Հայաստանի և այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյությունը», - նշել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, այս տարվա ապրիլի սկզբի ռազմական իրադարձություններն ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ մեր ներսում, թե՛ մեր շուրջը:
«Դրանց մեջ ինձ համար ամենակարևորը մեր նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որ և՛ մեզ, և՛ բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն իր երկրի: 1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք», - ասել է Ս.Սարգսյանը:
«Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը», - ընգծել է նախագահ Սարգսյանը:
«Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր ժողովրդին», - հայտարարել է ՀՀ նախագահը: