28/05/2016 15:59
Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը շահագործման կհանձնվի տարեվերջին
Ապրիլի սկզբին Արցախում սահմանային իրավիճակի սրացումից հետո Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից կամավորների, տարատեսակ օգնության հոսքը դեպի Արցախ կտրուկ ավելացավ:
Երևանից Ստեփանակերտ մեկնողներն ու վերադարձողներն Արցախում եղած տրամադրությունների ու զինծառայողների մասին պատմելուն զուգահեռ միանգամից ավելացնում էին` «մի կերպ գնացինք, Գորիս-Սիսիանը լրիվ քանդած ա»:
Հայաստանն Արցախին կապող ռազմավարական Երևան-Ստեփանակերտ ճանապարհով «մի կերպ գնալը» պայմանավորված է ձմռանից հետո ասֆալտի անբարեկարգ վիճակով, որի Գորիս-Սիսիան հատվածում ճանապարհաշինարարները որպես լուծում նախընտրել են նախ ուղղանկյունաձև կտրել-հանել ասֆալտի վատ հատվածներն, իսկ հետո նոր մաս-մաս ասֆալտը վերանորոգել՝ այսպիսով ճանապարհը դարձնելով չափազանց բարդ անցանելի:
Տեղում կատարվող աշխատանքների վերաբերյալ Aysor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:
Մեր հարցմանն ի պատասխան` նախարարության աշխատակազմից ասացին, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը սպասարկող «Սիսիանի ԲՈՒԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016-ի ապրիլ-մայիս ամիսներին արդեն կատարվել են նշված հատվածի անցանելիության ապաահովման աշխատանքներ:
«Իրականացվել են շուրջ 41000 քմ ասֆալտապատման աշխատանքներ», - պատասխանել են նախարարությունից:
Այնուամենայնիվ, ճանապարհի վերջնական վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ:
Արցախ տանող մեկ այլ` այլընտրանքային ու դարձյալ ռազմավարական ճանապարհ է Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտը:
Դրա վերականգնմանն է ուղղվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու տարվա մարաթոնների հասույթն ու վերջերս ևս 1 մլրդ դրամ է տրամադրվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Ըստ հիմնադրամի` վերականգնումից հետո ճանապարհն ունենալու է 116 կմ երկարություն ու 10 մ լայնություն, որից երթևեկելի (ասֆալտապատ) մասը կլինի 7 մետր (մյուս հատվածները հողապատ կողնակներն են):
Վերականգնման ներկա փուլի վերաբերյալ Aysor.am-ի հարցմանը հիմնադրամից պատասխանեցին, որ արդեն երկշերտ` վերջնական ասֆալտապատ է 116 կմ-ից 49,5 կմ-ը:
«Բացի բուն ճանապարհից վերակառուցվել և ասֆալտապատվել է դեպի Չափառ համայնք տանող 3,69 կմ ճանապարհը, և արդեն հողային պաստառ ունի դեպի Դադիվանք տանող 1,1 կմ ճանապարհը: Այս ճանապարհը նախկինում ունեցել է 3 մ երթևեկելի լայնություն, որն աշխատանքներից հետո լայնացվել է մինչև 8 մ` 5,4մ երթևեկելի հատվածով», - հայտնել են հիմնադրամից:
Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ճանապարհի վերակառուցման ընդհանուր արժեքը, ներառյալ հեղինակային և տեխնիկական վերահսկումը, կազմում է շուրջ 15 մլրդ դրամ, որից ներկայումս ծախսվել է 11,220 մլրդ դրամը:
Ըստ Համահայկական հիմնադրամի, եթե եղանակային պայմանները լինեն բարենպաստ, Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը վերջնական շահագործման կհանձնվի այս տարվա ավարտին: