28/05/2016 13:11
Վլադիմիր Գասպարյան. Կառավարությունը մեր կրճատումների հետ կապ չունի
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի բացառում համակարագում հաստիքայի կրճատումները, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում միշտ էլ եղել են կրճատումներ:
«Կառավարությունը մեր կրճատումների հետ կապ չունի: Մենք բարեփոխումներն անցկացնում ենք փուլերով, դա անընդհատ պրոցես է, ամեն տարի էլ ունենում ենք կրճատումներ, այդ կրճատումները կարելի է այսպես անվանել՝ կենտրոնական բյուրոկրատական ապարատից հաստիքները վերցնում ենք, տեղափոխում այնտեղ, որտեղ ավելի շատ շփում կա հասարակաության հետ՝ օրինակ համայնքային ոստիկանություն, դպրոցական տեսուչներ, արտաքին ծառայության ուժեղացումները»,- ասաց Վ. Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ պետք է նախ ճշտել՝ ինչ ասել է՝ կրճատում: «Կրճատվում են մի տեղից, տեղափոխվում մի ուրիշ տեղ: Մենք ստեղծել ենք նաև համայնքային ոստիկաններ»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե ոստիկանների թիվը գաղտնի է պահվում, Վ. Գասպարյանն աևձագանքեց, թե դա օրենքով է սահմանվում:
Ոստիկանապետը նաև չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Հայաստանը «ոստիկանացված» պետություն է:
«Ոստիկանացված պետությունից կարող են խոսել մարդիկ, ովքեր սարսափելու և վախենալու տեղ ունեն ոստիկանությունից: Ոստիկանը առավոտից առավոտ ծառայում է պետությանը, ժողովրդին, եթե դա ոստիկանացված պետություն է, ապա ես այդ պետության կողմնակիցն եմ»,-ասաց նա: