28/05/2016 11:54
«Հայկական վերածնունդը» չի բացառում Վարդան Օսկանյանի կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահեցնում է, որ վերջին օրերին «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչների և կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպում չի եղել, սակայն հետագայում նման հանդիպումները չեն բացառվում:
Վարդան Օսկանյանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարներն արդեն մեկ անգամ հանդիպել են:
«ՕԵԿ-ն այս պահին որևէ քաղաքական գործընթացների մեջ չէ: Բայց «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իր ձևավորման օրվանից հայտարարել է, որ բաց է համագործակցության համար և կարող է համագործակցել ցանկացած ուժի հետ, եթե մեր գաղափարները համընկնում են: Այնպես որ, մենք ազատ ենք և կարող ենք ցանկացած ուժի հետ համագործակցել, եթե մեր սկզբունքները լինեն նույնը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ.Բիշարյանը:
Նա չցանկացավ մանրամասնել, արդյո՞ք Վարդան Օսկանյանի կողմից հնչել է համագործակցության առաջարկ:
«Եթե առաջարկներ լինեն, բոլորը կիմանան՝ մենք էլ, դուք էլ: Համապետական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել և ես ոչինչ չեմ բացառում: Այդ ընտրությունները շատ կարևոր են ու առանձնահատուկ, քանի որ Սահմանադրության փոփոխությունը նոր սկիզբ է Հայաստանի համար և այս ընթացքում չեն բացառվում տարբեր հանդիպումներ, քննարկումներ, առաջարկություններ, դաշինքներ ու համագործակցություններ: Վարդան Օսկանյանը նոր է բացել իր կուսակցությունը: Թող հիմնավորվի, ամրապնդվի, ընթացքում կերևա», - ասաց Հ.Բիշարյանը: