28/05/2016 16:51
«Ռեֆորմիստներ» կուսակցությունը մեծ դեր է ունենալու Հայաստանի զարգացման գործում. Բաբայան
Հայաստանի նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության դռները բաց են համագործակցության համար, ասաց նորաստեղծ քաղաքական ուժի ղեկավար Վահան Բաբայանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա վստահություն հայտնեց, որ իրենց կհաջողվի գտնել արժանի համախոհներ, որոնց հետ հնարավոր կլինի համագործակցել:
«Ես ոչինչ չեմ բացառում», - ասաց պատգամավորը:
Վ.Բաբայանը չհստակեցրեց, թե ովքեր կարող են համալրել իր կուսակցության շարքերը:
«Եթե լինեն անուններ, ապա բոլորը անպայման կիմանան: Ես չեմ ասել, թե մեր շարքերը կհամալրվեն նախկին ԲՀԿ-ականներով, ինչպես որ շատերն են հայտարարում, բայց ոչինչ էլ չեմ բացառում», - ասաց նա:
Կուսակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տեղի կունենա համագումար, որտեղ կընտրվեն վարչության անդամները:
«Այդ ժամանակ էլ կհնչեն այդքան երկար սպասված անունները: Համագումարը նախատեսում ենք հունիսի վերջին, իսկ մինչ այդ՝ հունիսի երեքին նախատեսել ենք նախաձեռնող խմբի հավաք, որտեղ հստակ կորոշվի համագումարի օրը, տեղը ժամը և մյուս կարևորագույն հարցերը», - ասաց Վ.Բաբայանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանում գրանցված ոչ բոլոր կուսակցություններն են գործող:
«Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ թղթի վրա շատ կուսակցություններ կան բայց դրանք գործող չեն: Կան նույնիսկ անուններով մարդ-կուսակություններ: Սահմանադրության փոփոխություններից հետո մեր երկիրը անցել է խորհրդարանական կառավարման, որտեղ մեծ դեր են խաղալու նաև կուսակցությունները, հետևաբար վստահ ենք, որ այդ կուսակցություններից մեկը լինելու ենք հենց մենք», - ասաց նա:
Պատգամավորը շեշտեց նաև, որ 2017 թվականին Հայաստանի քաղաքական դաշտը նոր փուլ է թևակոխելու, հետևաբար վստահ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովն ավելի բազմակուսակցական է լինելու:
Հարցին՝ մեկ տարում կհասցնե՞ք ժողովրդին համոզել քվեարկել «Ռեֆորմիստներ» կուսակցության օգտին և կընդգրկվի այն նոր խորհրդարանում, Վ.Բաբայանը պատասխանեց. «Մի կասկածեք, վստահ եղեք՝ այո»:
«Եթե մենք մի բան ենք ստեղծում, որին մասնակցում են իմ նման քաղաքացիները, ովքեր իսկապես մտահոգված են մեր երկրի ապագայով, ապա մեր կուսակցությունը չի կարող թղթի վրա մնալ: Եվ, եթե յուրաքանչյուր գործ, որը ձեռնարկում ենք, կյանքի կոչվի, ապա դա հաստատ թղթի վրա չի մնա», - ասաց նա:
Վ.Բաբայանը նշեց նաև, որ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը հռչակվելու է որպես պետականամետ ուժ, որն առաջարկելու է ոչ թե փողոց դուրս գալ և այն փակել, այլ բարեփոխումների շնորհիվ շարժվել առաջ, փոխել երկիրը դրական տեմպերով ու օպտիմիզմով: