28/05/2016 17:42
Նժդեհի արձանի տեղադրման վայրը պայմանավորված չէ ՀՀԿ գրասենյակին մոտ լինելու հանգամանքով. Քաղաքապետ
Երևանի սրտում Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար մեծ հպարտույթուն է: Ինչ վերաբերում է քանդակի շուրջ տարածված տարակարծություններին, ապա քաղաքապետը համաձայն չէ:
«Ես համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե արձանը նման չէ Գարեգին Նժդեհի կերպարին: Իմ խորին համոզմամբ` արձանը նման է Նժդեհին», - արձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը:
Քաղաքապետի խոսքով, յուրաքանչյուր արվեստագետ ինքն է իր քանդակը կերտում, հետևաբար Նժդեհի կերպարը քանդակագործ Գագիկ Ստեփանյանը տեսել է այս կերպ:
«Ես դա նորմալ եմ համարում: Կարևորն այն է, որ Երևան քաղաքում տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը, որն իր տեղն ունեցավ Երևանի գլխավոր փողոցներից մեկում: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր երևանցիներին, ու բոլոր հայ մարդկանց, ովքեր ապրում են նժդեհյան գաղափարախոսությամբ», - ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը`ճի՞շտ է, որ ՀՀԿ գրասենյակին մոտ լինելու համար է արձանը տեղադրվել այդ վայրում, Տ.Մարգարյանը չհամաձայնեց` նշելով, որ այս տարածքում կան նաև այլ կուսակցությունների գրասենյակներ:
«Հարակից տարածքում շատ կուսակցություններ կան: Իսկ ՀՀԿ-ի գրասենյակը այդ որոշման հետ որևէ կապ չուներ: Մենք որոշեցինք, որ այն այստեղ է տեղակայվելու, քանի որ այս պուրակը Հանրապետության փողոցին ավելի մոտ է: Լավատես եղեք և Գարեգին Նժդեհի գաղափարախոսության կրողը եղեք», - խորհուրդ տվեց քաղաքապետը: