30/05/2016 09:58
Ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է
Ակտիվիստ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանն ազատ է արձակվել։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։
«Բարև հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի և Ամանորի առթիվ բոլոր շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար։ 6 ամիս անց «առաջին իսկ» հնարավորությունն է:
Իմացա հաճախ եմ օնլայն եղել։ Մինչ այդ ու դրանից հետո բոլոր ինձ ուղարկած ձեր նամակները կարդալու հնարավորություն չեմ ունեցել։ Թե ով էր իմ տեղը կարդացել չգիտեմ։ Երևի Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկին...
Հասկանում եմ, որ որոշ հետաքրքրություն պահպանվել է առեղծվածային կալանավորմանս հետ կապված։ Պետք է մի փոքր էլ սպասենք, նախաքննությունը կավարտվի: Հատուկ լրագրողների համար. նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակելու վերաբերյալ նախաքննական մարմնում դրել եմ ստորագրությունս։ Որևէ այլ ինֆորմացիա ունենալու, կամ իմանալու համար դիմեք բացառապես ԱԱԾ֊ին», - գրել է Առաքելյանը։
Տիգրան Առաքելյանը կասկածվում է շորթում կատարելու մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ «շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նա անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը»: