30/05/2016 19:01
Թևան Պողոսյան. Քննարկվել է հայկական և ադրբեջանական պատվիրակություններին այլևս ՆԱՏՕ ԽՎ միջոցառումներին չհրավիրելու հարցը
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ետնաբեմում քննարկվել է հայկական և ադրբեջանական պատվիրակություններին այլևս ԽՎ միջոցառումներին չհրավիրելու հարցը, Aysor.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:
«Վերջին չորս տարվա ընթացքում ՆԱՏՕ ԽՎ ցանկացած թեմա վերածվում էր հայ-ադրբեջանական բանավոր բախումների: Այս անգամ կազմակերպիչների մոտ կար մի իրավիճակ, որ եթե այսպես շարունակվի, պատրաստ են քննարկելու հարցը, որ երկու պատվիրակություններին այլևս չհրավիրեն իրենց միջոցառումներին՝ հաշվի առնելով, որ եթե ծառերի կամ անտառների մասին խոսակցություն է գնում, հայ և ադրբեջանցի պատվիրակները միևնույն է խոսում են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին», - ասաց Թևան Պողոսյանը:
Պատգամավորը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքին:
Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամը ասաց, որ հայկական պատվիրակությունը միշտ էլ հայտարարել է, որ բանավեճերի հրահրողը Ադրբեջանն է:
«Մենք չենք կարող լուռ մնալ, երբ փորձում են սուտ տեղեկություն տարածել և պրոպագանդայով զբաղվել կամ վիրավորել մի ամբողջ ազգի: Մենք այդ ազգի ընտրյալներն ենք և պետք է պաշտպանենք մեր շահերը», - ասաց նա:
Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ այս նստաշրջանի ընթացքում մինչև վեհաժողովի սկսվելը, կազմակերպիչները քաղաքական պատվիրակություններին հինգ րոպե ժամանակ են տրամադրել արտահայտվելու համար:
«Սա արել են, որ պատվիրակներին հնարավորություն տան արտահայտվելու համար, որ ընթացքում չխանգարեն», - ասաց նա:
ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է մայիսի 27-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Վեհաժողովը կայանում է ՆԱՏՕ-ի հետ կապված տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ խորհրդակցությունների նպատակով:
ՆԱՏՕ-ի ԽՎ այս շրջանը հատուկ նշանակություն ունի, քանի որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուլիսին գումարվելու է Վարշավայում: Ակնկալվում է, որ Տիրանայի խորհրդաժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքները օրակարգ են դառնալու Վարշավայում գումարվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: