30/05/2016 11:45
ԼՂՀ վարչապետ. Բանակի ամրության հիմքը հայրենասեր քաղաքացին է
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ հանդիպման ժամանակ կարևորել է Արցախում իրականացվող ծրագրերը:
«Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է: Հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն», - ասել է ԼՂՀ վարչապետը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կարևորել է հայ բարեգործների պարբերական այցելությունները Արցախ` հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու տեսանկյունից: