30/05/2016 17:33
Լոուրենս Բրոերս. Շփման գծում հրադադարի խախտման վերաբերյալ թափանցիկ մշտադիտարկման իրականացումը պարտադիր է
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման վերաբերյալ հետաքննության մեխանիզմների ներդրումը պարտադիր է, որի արդյունքում բոլորին պարզ կդառնա, թե ինչ է կատարվել և կատարվում շփման գծում, լրագրողների հետ զրույցում ասաց Chatham House միջազգային կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Լոուրենս Բրոերսը:
«Ապրիլյան լարված օրերին միջազգային հանրությունը արձագանքեց, եղան տարատեսակ կոչեր, եղավ Վիեննայի հանդիպումը երկրու երկրների նախագահների միջև… Սակայն կարևոր է, որ հրադադարի խախտման վերաբերյալ 6 կետերից բաղկացած մոնիտորինգը իրականացվի, որի արդյունքում բոլորին պարզ կդառնա, թե ինչ է կատարվել և կատարվում շփման գծում: Եթե լինի թափանցիկ իրականացված մոնիտորինգ և պարզվի, թե որ կողմն է խախտում հրադադարը, կլինեն հասցեական կոչեր», - ասաց նա:
Լ.Բրոերսի խոսքով` միջազգային հանրությունը սովորել է «սառեցված կոնֆլիկտներ» տերմինին, ինչն այսօր ուշադրության կենտրոնում չէ:
«Այս պարագայում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար ամբողջ պատասխանատվությունը ընկնում է կողմերի վրա», - ասաց բրիտանացի փորձագետը:
Այդուհանդերձ Լոուրենս Բրոերսը նկատեց, որ միջազգային հանրության կողմից պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն նկատվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
«Ճիշտ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի ջանքեր են ներդնում և կարելի է ասել, որ արդյուքններ կան: Բայց դա քիչ է», - ասաց նա:
Վերջինիս խոսքով` միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ակտիվություն է ցուցաբերում, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարվում է:
Բրիտանացի փորձագետը ըդգծեց, որ թափանցիկ և հստակ քայլեր իրականացնելու արդյունքում հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Միայն այդ դեպքում տարածաշրջանում խաղաղություն կլինի», - ասաց Լոուրենս Բրոերսը: