30/05/2016 20:40
ԵՄ պատվիրակություն. Եվրամիության հարևանության ներդրումային գործիքի միջոցով Հայաստանին 10 մլն եվրո է տրամադրվել
Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով Հայաստանին տրամադրվել են 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Նշվում է, որ մայիսի 30-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին միացել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանին և Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանին, ովքեր ՀՀ ֆինանսների նախարարությունում մասնակցել են դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արարողությանը:
«Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվել են 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից»,-հայտնում է ԵՄ պատվիրակությունը:
Ընդգծվում է, որ միաժամանակ ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով: