30/05/2016 15:37
Ջենգիզ Աքթար. Հայ-թուրքական երկխոսությունն ավարտված է, վերսկսումը դժվար է պատկերացնել
Հայ-թուրքական երկխոսությունը վաղուց ավարտված է և դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի կամ մեկ այլ եվրոպական երկրի միջոցով հնարավոր կլինի այն վերսկսել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ, Սուլեյման Շահ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնի հրապարակախոս Ջենգիզ Աքթարը (Cengiz Aktar):
«Գերմանիայի խորհրդարանի կողմից մի քանի տարի առաջ առաջարկ եղավ, որ Հայաստանը և Թուրքիան, Գերմանիան որպես օրինակ, ընդունեն և խորհեն անցյալի մասին, լուծեն բոլոր խնդիրները՝ հասնելու համար ընդհանուր հասկացվածության: Այս առաջարկը, սակայն, մնաց անարձագանք», - ասաց թուրք քաղաքագետը:
Նրա խոսքով՝ նման մի բան էլ Գերմանիան փորձում է անել հիմա՝ հունիսի 2-ին Բունգեսթագում ընդունելով Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:
«Հնարավոր է՝ գերմանացի պատգամավորները մտածում են, որ այս կերպ հայ-թուրքական երկխոսություն կսկսվի, հարաբերությունների բարելավում կլինի: Բայց Թուրքիայում ոչ ոք դրական արդյունքի չի սպասում, երբ հարցը հասնում է Թուրքիայի ղեկավարության կողմից Ցեղասպանության ճանաչմանը», - ասաց Ջենգիզ Աքթարը:
Թուրք քաղաքագետի կարծիքով՝ Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը որևէ ազդեցություն չի ունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա:
«Հայ-թուրքական երկխոսությունը վաղուց ավարտված է, և դրա վերսկսումը մոտակա տարիներին դժվար է պատկերացնել: Այս հարցում Ցեղասպանության ընդունումից բացի կա նաև Ադրբեջանի գործոնը, իսկ Թուրքիան օրեցոր ավելի մեծ կախվածություն է ձեռք բերում իր հարևան Ադրբեջանից: Կարծում եմ՝ անհնար է, որ Անկարան անի որևէ բան, որը կվնասի Բաքվի հետ հարաբերություններին», - ասաց Ջենգիզ Ակթարը: