30/05/2016 16:34
Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի շինաշխատանքները տրանսպորտի և կապի նախարարությունը գնահատում է պրոֆեսիոնալ ցուցանիշներով
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը դեռևս նախորդ տարվանից սկսած՝ ծրագրված իրականացնում է Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի շինաշխատանքները, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքով, ճանապարհի քանդված հատվածի շինաշխատանքները կշարունակվեն այս տարի: «Դա ծրագրված գործընթաց է», - ասաց Ա.Առաքելյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ արդեն շուրջ քսան տարի է, այդ հատվածը քանդված է և ոչինչ այդ ուղղությամբ չի ձեռնարկվում, փոխնախարարը չհամաձայնեց, պնդելով, որ բացի վիզուալ գնահատականից կան նաև պրոֆեսիոնալ ցուցանիշներ ու առաջնահերթություններ:
«Կա գործիքակազմ, որը արձանագրում է մեր ցուցանիշները: Ըստ հասանելի և հնարավոր ֆինանսական միջոցների նախարարությունը կառավարության հանձնարարականով պլանավորում և իրականացնում է ճանապարհաշինարարական աշխատանքներ: Բնականաբար, ես էլ որպես այս երկրի քաղաքացի, մտահոգվում եմ, և մենք էլ ուզում ենք ավելի լավ ցուցանիշներ ունենալ», - ասաց նա: