30/05/2016 12:11
Դեսպան Յուրի Վարդանյանը Ախալցիխեում՝ հայերի և վրացիների միջև տեղի ունեցած միջադեպը քննարկել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ քննարկել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում՝ ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպն ու տեղի ոստիկանության վերաբերմունքը հայ երիտասարդների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է դեսպանատան Facebook–ի էջը, դա ՀՀ դեսպանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի երկրորդ հանդիպումն էր այդ միջադեպից հետո:
Դեսպան Վարդանյանը փոխանցել է նահանգապետին իր մտահոգությունները՝ կապված այդ պատմության հետ և հույս է հայտնել, որ այն արդարացի հանգուցալուծում կունենա:
Մաչուտաձեն ՀՀ դեսպանին վստահեցրել է, որ կշարունակի իր անմիջական ուշադրության ներքո պահել միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործերի ընթացքը և դեսպանին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի դրա վերաբերյալ:
Զրուցակիցները համոզմունք հայտնել, որ այս դեպքը ստվեր չի գցի երկու բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների վրա:
Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են արտահայտել, որ հետաքննությունը կբացահայտի մեղավորներին և նրանք կպատժվեն գործող օրենքին համապատասխան:
Բացի այդ, ՀՀ դեսպանը և նահանգապետը ձեռք են բերել պայմանավորվածություն, որ այսուհետ ջավախահայերի կողմից կազմակերպվող համանման միջոցառումների ժամանակ տեղական իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որպեսզի տհաճ միջադեպերը չկրկնվեն:
Այցի շրջանակներում դեսպան Յուրի Վարդանայնը այցելել է նաև Ախալքալաքի, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատմագավոր Սամվել Պետրոսյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Էդուրադ Աղասարյանի և շրջանի վարչության նախագահի տեղակալ Հարություն Հովհաննիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող հարցերի լայն շրջանակ:
Դեսպան Վարդանյանը ընդգծել է համայնքային կյանքի ակտիվացման համար հետևողական քայլերի ձեռնարկման, ինչպես նաև համատեղ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը: