30/05/2016 14:06
Շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կարող է տրվի. Մինասյան
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կտրվի:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ա.Միանսյանը նշեց, որ իր այդ հայտարարությունը քննադատությունների տեղիք կտա:
Նրա խոսքով՝ Հայաստանի շաքարավազ արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով:
«Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, այսինքն՝ կառավարությունը փորձում է օրինականացնե՞լ այն, ինչն այսօր անօրինական է, նախարարը պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն»:
Նա օրինակ բերեց Շվեյցարիան, որտեղ աղ արդյունահանող ձեռնարկությանը տրվել է բացառիկ իրավունք՝ Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով:
Ա.Մինասյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ մենաշնորհային դիրք ունեցեղ ընկերությունների ցուցակը ներկայացնելու համար հատկացված ժամանակը երկարաձգելու խնդրանով: