30/05/2016 12:38
Կառավարությունը բարձրացնում է պետական ծախսերի թափանցիկության մակարդակը
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել պետական ծախսերի թափանցիկության աստիճանը։ Այդ նպատակով գնումների ոլորտում նախատեսվում է նոր մեխանիզմների ներդրում, որպեսզի յուրաքանչյուրը ոչ միայն հնարավորություն ունենա հետևել գնումների գործընթացին, այլև կարողանա տեսնել, թե ինչպես և ինչի համար են ծախսվել պետական միջոցները։
Վերջին տարիներին գնումների գործընթացների թափանցիկությունն ապահովելու նպատակով բավական քայլեր կատարվել են։ Մասնավորապես ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգը։ Պետական գնումների գերակշիռ մասն այժմ իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Դա մի համակարգ է, որի միջոցով կազմակերպվում է գնումների ամբողջ գործընթացը՝ սկսած հայտերի ձևավորումից մինչև մրցույթի հաղթողի որոշումը։ Այս ամբողջ պրոցեսում մարդկային միջամտությունը հասցված է նվազագույնի։ Ներկայացված առաջարկությունների հիման վրա համակարգն է ընտրում հաղթողին։
Այլ հարց, որ տարբեր պատճառներով այն առայժմ լիարժեք արդյունք չի տալիս։ Թերեւս պատահական չէ, որ գնումների ժամանակ դեռեւս առկա են ոչ ցանկալի երևույթներ, որոնց դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, գնումների թափանցիկության ապահովում է։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունը նախատեսում է առաջիկայում բարձրացնել գնումների հաշվետվողականության եւ հրապարակայնության մակարդակը։ Այդ նպատակով գործադիրի անցած նիստում վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին՝ ներդնել նոր մեքանիզմներ, որոնք թույլ կտան առավել բարելավել գնումների գործընթացի թափանցիկությունը։
Մինչ այդ, այսօր արդեն հասարակությունը հնարավորություն ունի գնումների պաշտոնական կայքում հետևել հիմնական ապրանքատեսակների ձեռքբերման ընթացքին, այդ թվում տեսնել, թե ովքեր են դրանք մատակարարում, ինչ գներով, որ պետական մարմինն ինչքանով է ձեռք բերում այս կամ այն ապրանքը եւ այլն։ Այս ամբողջ տեղեկատվությունն ամենամսյա կտրվածքով տեղադրվում է գնումների պաշտոնական կայքում։ Սա անշուշտ լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար։ Այլ հարց, որ այդ հնարավորությունը ոչ միշտ է իրացվում։
Ամեն դեպքում, կառավարությունը կարծես հակված չէ բավարարվել դրանով և պատրաստվում է ներդնել նոր մեխանզիմներ.
«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը՝ մշակել ծրագրային լուծում, որը հնարավորություն կտա յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ», - կառավարության նախորդ նիստում հայտարարեց վարչապետը։
Հ.Աբրահամյանի կարծիքով, հանրության շրջանում գնումների առումով կա լուրջ մտահոգություն և «կառավարությունն այս միջոցառումները պետք է իրականացնի և ապահովի գնումների ավելի թափանցիկ գորընթաց»։