31/05/2016 10:42
Իրանի Մեջլիսի նախագահ է ընտրվել Ալի Լարիջանին
Իրանի Մեջլիսի նախագահ է ընտրվել Ալի Լարիջանին, hաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքում 237 կողմ ձայնով Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի նախագահ է ընտրվել Ալի Լարիջանին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Մասուդ Փեզեշքիանը 158 ձայնով ընտրվել է Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ, իսկ երկրորդ տեղակալ է ընտրվել Ալի Մոթահարին՝ 133 ձայնով:
Համաձայն ԻԻՀ Մեջլիսի ներքին կանոնակարգի՝ Մեջլիսի նախագահն ու նախագահության անդամները սկզբում ընտրվում են ժամանակավոր: Երդմնակալության արարողությունից, ինչպես նաև պատգամավորների երկու երրորդի վստահությունը ստանալուց հետո, նոր անցկացվում են Մեջլիսի մշտական նախագահության ընտրություններ:
Բացի այդ՝ Իրանի Մեջլիսն ամեն տարի մեջլիսի նախագահության ընտրություններ է անցկացնում:
Կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Մեջլիսի ժամանակավոր նախագահ էր ընտրվել կրկին Ալի Լարիջանին՝ ստանալով 173 ձայն, իսկ բարեփոխականների ցուցակը գլխավորող Մոհամմադ Ռեզա Արեֆը ստացել էր 103 քվե:
Փետրվարի 26-ին Իրանում տեղի ունեցած 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների արդյունքների համաձայն՝ 290 անդամ ունեցող
Իրանի խորհրդարանն ըստ քաղաքական ուժերի ներկայացվածության՝ հետևյալ պատկերն է ստացել՝
Բարեփոխականներ՝ 117 մանդատ
Պահպանողականներ՝ 94 մանդատ
Անկախ թեկնածուներ՝ 74 մանդատ
Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 5 մանդատ
ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ հայերը, որպես կրոնական փոքրամասնություն, Մեջլիսում պատգամավորի երկու տեղ ունեն: Որպես իրանահայ համայնքի ներկայացուցիչներ՝ Իրանի խորհրդարան են անցել Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը: