31/05/2016 17:08
ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն ապրանքների մրցունակության բարձրացմանը. Սարգսյան
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունված որոշումները պետք է շոշափելի լինեն քաղաքացիների և գործարար շրջանակների համար, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Որոշումները պետք է շոշափելի լինեն յուրաքանչյուր գնորդի և ծառայության պատվիրատուի համար, ով իր սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները: Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով», - նշել է Ս.Սարգսյանը:
Նա ընդգծել է գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը:
«Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարևոր գործոն է արտադրության շղթայում և դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը», - ասել է Հայաստանի նախագահը: