31/05/2016 13:31
Թուրքիան զգուշացնում է Բեռլինին ` Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի երկկողմ հարաբերությունների վատթարացմանը
Թուրքիան երեկ զգուշացրել է Գերմանիայի խորհրդարանին, որ եթե վերջինս Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունի, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար, այս մասին հաղորդում է The Local de լրատվական գործակալությունը:
«Գերմանիան մեր բարեկամն ու դաշնակիցն է: Այստեղ ապրում են թուրքական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ: Գերմանիան պետք է զգույշ լինի Թուրքիայի հետ իր ունեցած հարաբերություններում: Ես չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանը վտանգի տակ կդնի այս հարաբերությունը հանուն երկու կամ երեք քաղաքական գործիչների», - ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նշենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի կունենա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ քննարկում և քվեարկություն:
The Local de գործակալությունը նշում է, որ այս քննարկումը կընթանա Բեռլին-Անկարա հարաբերությունների համար բավականին զգայուն ժամանակահատվածում: Բանն այն է, որ թուրքական իշխանությունները զայրացած են, որ Եվրամիությունը ձգձգում է Թուրքիային վիզայի ազատականացման ռեժիմ շնորհելը: