31/05/2016 14:30
Քոքոբելյան. ՊՆ-ում շղթայական ձերբակալությունները փոխկապակցված են
Երևույթը, որ Պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետն է ձերբակալվում, ինքնին փաստ է, որ գործ ենք ունեցել կոռուպցիոն սխեմաների հետ, ասել է Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում:
«Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ ՊՆ-ում շղթայական ձերբակալությունները փոխկապակցված են: Երևույթը, որ այսօր մեր ՊՆ-ում սպառազինության վարչության պետն է ձերբակալվում, ինքնին փաստ է, որ գործ ենք ունեցել կոռուպցիոն սխեմաների հետ: Եթե ձերբակալության հրապարակման մեջ նշված է պաշտոնը ու որ հոդվածով է, ամեն ինչ պարզ է»,-ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ նույնիսկ սպառազինության պակասի պայմաններում հայ զինվորը կարողացել է դիմակայել հակառակորդին:
«Այս պարագայում խոսել սպառազինության հարթությունում կոռուպցիայի մասին, կարծում եմ, բոլորիս համար ամենավատ երևույթն է»,- ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը դժվարացավ ասել, թե սա կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ է, թե ոչ: