31/05/2016 09:56
Հունիսի 2-ից ամառային ջերմաստիճան է սպասվում
Հանրապետությունում վերջին մեկ ամսվա ընթացքում գերակշռող անձրևային եղանակը հասցրել է ձանձրացնել: Թե երբ այն իր տեղը կզիջի ամբողջությամբ արևոտ եղանակին, դեռ նույնիսկ օդերևութաբաները չեն կանխատեսում: Մի բան է միայն հստակ՝ հունիսի 2-ից ջերմաստիճանն ամառային կդառնա՝ հասնելով +30-ի:
«Հայկական ժամանակի» հարցերին պատասխանել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
-Պարոն Սուրենյան, անձրևները ե՞րբ են դադարելու:
-Առաջիկա 5 օրերին հիմնականում ցիկլոնի ազդեցությունը մեր երկրի տարածքում պահպանվելու է: Այն կշարունակի ակտիվանալ երեկոյան ժամերին: Այսինքն՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին մարզերի մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի երակային անձրևներ, առանձին հատվածներում շարունակում է մեծ մնալ կարկուտի հավանականությունը: Բայց այդ անձրևները զուտ լոկալ, երակային բնույթ են կրելու:
-Ջերմաստիճանն այսօր իջել է երեկվա համեմատ: Նվազումը կշարունակվի՞:
-Մինչև հունիսի 1-ը առանձնապես ջերմատսիճանի փոփոխություններ չեն լինի: Ցերեկային ջերմաստիճանները կտատանվեն 25-27 աստիճանի սահմաններում: Իսկ հունիսի 2-4-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մոտ 3-4 աստիճանով և Երևանում կմոտենա +30 աստիճանին:
-Այսինքն` ամսի 2-ից հետո օդի ջերմաստիճանի առումով ամառը կմտնի իր լիակատար իրավունքների մեջ:
-Այո: Հիմա էլ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է և այնպես չէ, որ ներկա ֆոնը որ ունենք, նորմայից ցածր է: