31/05/2016 18:08
Հայաստանում 14100 ժամանակակից ստրուկ կա. Walk Free Foundation
Հայաստանում 14100 ժամանակակից ստրուկ կա, ինչը կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 0.467 տոկոսը, հայտնում է ավստրալական Walk Free Foundation-ը, որը աշխարհի 167 երկրների վերաբերյալ կազմել է «Ստրկության միջազգային ինդեքսԸ»:
Ըստ հրապարակած տվյալների, Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 119-րդ հորիզոնականը։ Իսկ 2013-ի նույն վարկանիշի համաձայն՝ Հայաստանը 57-րդ տեղում էր` 10500 ժամանակակից ստրուկով:
Նշվում է, որ Հայաստանում ժամանակակից ստրկության դեպքեր են ի հայտ եկել գյուղատնտեսության, շինարարության և առևտրի ոլորտներում։
Ըստ հետազոտության, Ադրբեջանը 80-րդ տեղում է 45000 մարդ ցուցանիշով` բնակչության մոտ 0,47%-ը, Վրաստանը` 105-րդն է 20 900 ցուցանիշով` բնակչության մոտ 0,47%-ը, Իրանն ու Թուրքիան` 13 և 14-րդ հորիզոնականներում են 495,3 հազար (0,63%) և 480,3 հազար (0.63%) ցուցանիշներով համապատասխանաբար: Ռուսաստանը 7-րդն է` երկրում 1048500 մարդ ստրուկի կարգավիճակ ունի:
Ներկայում աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ գտնվում է ստրկության մեջ, որոնց մեծ մասին պահում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին ասված է Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում:
Walk Free Foundation-ի ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2014 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ստրուկների թիվը 28 տոկոսով ավելացել է:
Հիմնադրամի տվյալներով՝ Հնդկաստանում ստրկական պայմաններում են ապրում ամենամեծ թվով մարդիկ՝ շուրջ 18,35 միլիոն: Հնդկաստանին հաջորդում են Չինաստանը (3,39 միլիոն), Պակիստանը (2,13 միլիոն), Բանգլադեշը (1,53 միլիոն) և Ուզբեկստանը (1,23 միլիոն): Այս 5 երկրներում ապրում է ժամանակակից ստրուկների 58 տոկոսը։
Walk Free Foundation-ը սահմանել է, որ ժամանակակից ստրկություն ասելով՝ հասկանում են մարդու շահագործման տարբեր ձևեր, որոնց դեպքում նա հարկադրված է լինում որևէ գործունեություն իրականացնել սպառնալիքների, բռնության, հարկադրման, դաժան վերաբերմունքի կամ խարդախ գործողությունների պատճառով: