31/05/2016 17:00
Հայաստանում Իրանի քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունները դինամիկ նվազում են. Կոստանյան
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադիին կարևորել են իրավական ոլորտում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:
Ինչպես փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազույունից՝ Երևանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հանցագործություն կատարելու դեպքում ԻԻՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ քաղաքացիներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցեր:
Կողմերը մասնավորապես առանձնացրել են Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից՝ ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները:
«Հաշվի առնելով երկու երկրների օրենսդրությունների տարբերությունները՝ անհրաժեշտ է մշակել երկկողմ իրավական փոխօգնության հստակ, դետալային և մատչելի մեխանիզմ, ինչը իրավական պաշտպանության ճիշտ կազմակերպման հնարավորություն կտա ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար», - հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ընդգծելով, որ վիճակագրական տվյալները վկայում են ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների կողմից կատարված և ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների դինամիկ նվազման մասին:
ԻԻՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին ներկայացրել է վիճակագրական տվյալներ՝ ԻԻՀ քաղաքացիների ՀՀ այցելությունների վերաբերյալ, ըստ որի՝ այս ոլորտում դինամիկ աճ է գրանցվել: Զրուցակիցների համոզմամբ՝ սա նաև հաջողված իրավական փոխգործակցության լավագույն արդյունք է: Կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանել այդ կայուն հիմքերը:
Քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող խնդիրները: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ իրավապահ մարմինները խիստ և հետևողական աշխատանք են իրականացնում: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Տեղեկացնենք նաև, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության Միջազգային իրավական կապերի բաժնի պետ Ե. Ավագյանը, ԻԻՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Մոհամմադ Ալի Մեհրան Ֆարը, ԻԻՀ արդարադատության նախարարի խորհրդական Ահմադ Ալի Մոհսեն Զադեն, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ԻԻՀ դեսպանության խորհրդական Ալի Նասեր Սոբհանի Փուրը: