31/05/2016 17:55
Արցախի օմբուդսմենը կոչ է արել միջազգային կազմակերպություններին գնահատական տալ հայազգի երեխային Բաքվի օդանավակայանում անազատության մեջ պահելու միջադեպին
Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը կոչ է արել մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին համարժեք գնահատական տալ Բաքվի օդանավակայանում հայազգի երեխայի հետ կապված միջադեպին և հայատյացության քաղաքականությանը:
«Այս քաղաքականությունը 2016 թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունների անմիջական պատճառն է: Միջազգային հանրության կողմից այս միջադեպի պատշաճ դատապարտումը կարող է կանխել հայերի նկատմամբ ատելության քարոզի տարածումը և բռնության հրահրումը, իսկ դրա արդյունքում` մարդու իրավունքների կոպիտ խախտումները տարածաշրջանում», - ասված է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում:
Նշված է նաև, որ այդ միջադեպը Ադրբեջանում պետականորեն իրականացվող հայատյացության (արմենոֆոբիայի) դրսևորում է: Այդ քաղաքականությունը մանրամասն նկարագրված է 2016 թ. ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմենի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցում:
Ադրբեջանի իշխանությունները 8-ամյա տղային, ով ճանապարհորդել է իր մայրիկի՝ հայտնի խոհարար-բլոգեր Կրիստինա Կոնստանտինովայի հետ, թույլ չեն տվել մուտք գործել երկիր:
Մայիսի 29-ի երեկոյան Կոնստանտինովան և իր որդին, որը հայկական ազգանվամբ Ռուսաստանի քաղաքացի է՝ Լուկա Ռուբենի Վարդանյան, հայտնվել են Բաքվի օդանավակայանի ձերբակալվածների պահման վայրում:
Պատճառը՝ տղայի հայկական ազգանունն է:
Իր պատմության մասին Կոնստանտինովան պատմել է Instagram-ի էջում: