31/05/2016 20:28
Կամավորականները յուրաքանչյուր օրվա ծառայության դիմաց 5000 դրամ կստանան. ԼՂՀ վարչապետ
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Նա հայտնել է, որ Պաշտպանության բանակը կամավորների մի մասին արդեն տվել է կանխավճար, սակայն կառավարությունը հաստատել է, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5,000 դրամ՝ առանց եկամտային հարկի:
«Որոշումը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը ցածր է 150,000 դրամից, կտրամադրենք ստացած գումարի տարբերությունը: Ծրագրում ընդգրկված են նաև մի շարք խոշոր տնտեսվարող կազմակերպությունների աշխատակիցներ», - ասել է վարչապետը:
Ինչպես փոխանցում են Արցախի կառավարությունից՝ զեկույցով հանդես է եկել նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: «Համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են կամավորների ցուցակները, և հունիսի 6-ից «Արցախոստ» ՓԲԸ միջոցով կսկսվի այդ գումարների տրամադրման գործընթացը», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախոստ»-ի բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները, և արդեն հաջորդ փուլում կտրամադրեն նրանց գումարները ևս:
Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել պաշտպանության բանակի համապատասխան կառույցներին և շրջվարչակազմերին՝ համակարգված աշխատանք իրականացնելու համար, որ գործընթացը զերծ լինի բացթողումներից:
Հարությունյանը նշել է նաև, որ բանկերի ղեկավարների հետ համաձայնություն է ձեռքբերվել, ըստ որի՝ բանկային պարտավորություններ ունեցող կամավորները վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորություն կունենան: