31/05/2016 17:59
«Միսս Թուրքիա-2006»-ի հաղթողը դատարանի առաջ է կանգնել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով միսս Թուրքիա-2006 մրցույթի հաղթող, մոդել Մերվե Բյույուքսարաչի դեմ հարուցված քրգործով դատավարությունն ավարտվել է, փոխանցում է Ermenihaber-ը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեռևս վարչապետ եղած ժամանակ թուրք գեղեցկուհին «Instagram» սոցիալական ցանցում նրան վիրավորող գրառում էր կատարել: Դատարանում Բույուքսարաչը հայտնել է, որ իր հրապարակած բանաստեղծությունը (Ustanın şiiri) մինչ այդ տարածվել էր շուրջ 960.000 օգտատիրոջ կողմից, և հրապարակման մեջ իր սեփական մեկնաբանությունները չեն եղել:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերոնշյալ բանաստեղծությունն իրենից ներկայացնում է Թուրքիայի հիմնի ռիթմին համապատասխան և Էրդողանի ինքնախոստովանանքի տեսքով գրված ծաղրական ստեղծագործություն կաշառակերության և օրինազանցության մասին:
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը մոդելին մեղավոր է ճանաչել առաջադրված հանցանքի մեջ և դատապարտել 1 տարի 2 ամիս 17 օր ազատազրկման: Վճռի իրագործումը հետաձգվել է: Սա նշանակում է ժամանակավոր ներում, իսկ հանցանքի կրկնվելու դեպքում միանգամից կգործադրվի արդեն առկա դատավճիռը:
Նշենք նաև, որ սկզբնապես Բույուքսարաչի համար մեղադրող կողմը պահանջել էր 1 տարի 5 ամսից մինչև 4 տարի 5 ամիս ազատազրկում: