31/05/2016 16:20
Սարգսյան. Տնտեսական ինտեգրացիան պահանջում է մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում
ԵԱՏՄ-ն գագաթնաժողովին ներկայանում է մեկուկես տարվա գործունեության ընթացքում՝ համաշխարհային տնտեսության համար բարդագույն իրավիճակում ձեռք բերված որոշակի փորձով, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Ստեղծվել է լայն իրավական հիմք, մշակվում են ինտեգրացիայի ալգորիթմներ, որոնք ընդհանուր առմամբ պետք է նպաստեն մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, մեր տնտեսությունների մրցունակության և համաշխարհային տնտեսական համակարգին դրանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը», - նշել է նախագահը:
Ս.Սարգսյանի խոսքով, տնտեսական ինտեգրացիան պահանջում է մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում:
«Այս կապակցությամբ կարևոր նշանակություն ենք տալիս 2016-2017թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացմանը և մեր տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակմանը: Այն կնպաստի մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը և ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետևանքների հաղթահարմանը», - ասել է Հայաստանի նախագահը:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների դերակատարության բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար», - ասել է Ս.Սարգսյանը: