01/06/2016 11:02
Պետք է պատրաստ լինել տնտեսական շոկերին
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Գնաճի հաշվետվությունը, որում որոշակիորեն անդրադարձ է կատարվել նաև տնտեսական աճի միտումներին: Մասնավորապես, երկրի գլխավոր դրամատան վերլուծությունների համաձայն՝ 2016թ.-ին կարձանագրվի շուրջ 2.7-3.6%-անոց տնտեսական աճ: Այս ցուցանիշը 2016թ.-ի համար հնչեցրած ամենալավատեսական ցուցանիշն է: Ինչպես գիտենք, տարեկսզբին թե՛ Կառավարությունը, թե՛ միջազգային կառույցները՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Հայաստանի համար կանխատեսել էին 2%-անոց տնտեսական աճ:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ 2016թ.-ը մեր տնտեսությունը հուսադրող ցուցանիշներով է մեկնարկել:
«Եթե համեմատենք 2015թ.-ի սկզբի ցուցանիշների հետ, ապա թե՛ տնտեսական ակտիվության ցուցանիշի, թե՛ արտահանման, առանձին ճյուղերի թողարկման աճի առումով այս տարի որոշակի դրական տեղաշարժեր կային: Թերևս այս հանգամանքով նաև կարելի է բացատրել տնտեսական աճի առավել բարձր ցուցանիշի կանխատեսումը: Բացի այդ պետք է փաստել նաև, որ արտաքին միջավայրում ևս որոշակի դրական միտումներ են նկատվում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է Ռուսաստանի տնտեսության անկման տեմպերի էապես դանդաղումը և ռուսական ռուբլու փոխարժեքի հարաբերական կայունացումը, որն անշուշտ դրական ազդակներ կհաղորդի նաև մեր տնտեսությանը՝ առավելապես եկող մասնավոր տրանսֆերտների ծավալների ավելացմամբ պայմանավորված ներքին սպառման աճով:
«Եվ վերջապես Կառավարության արտահանման խթանման ծրագիրն ու դրան միտված քայլերը դրական արդյունքներ են տալիս մեր տնտեսությանը: Արտահանման ծավալների աճն ու արտահանում-ներմուծում հարաբերակցության աստիճանական փոփոխությունը տնտեսությանը զարգացման դրական ազդակներ են փոխանցում, ինչն արտացոլվում է տնտեսական աճի առավել բարձր տեմպերի կանխատեսումներում: Կցանկանայի հավելել նաև, որ ընթացիկ տարվա դրական միտումներն իրենց շարունակությունը կգտնեն նաև եկող տարի: Համաձայն կանխատեսումների հաջորդ տարվա տնտեսական աճը կկազմի 3-4.5%»,- ասաց Կ. Խաչատրյանը:
Բանախոսը նաև նշեց, որ սրանք կանխատեսումներ են և որոշակի գործոնների ազդեցությամբ կարող են փոփոխություն կրել, ըստ որում՝ փոփոխությունները կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական:
«Այնուամենայնիվ մի բան հստակ է, որ հետևողական, թիրախավորված տնտեսական քաղաքականությունը մեր տնտեսությանը զարգացման լուրջ ազդակներ է հաղորդում, ինչը մի կողմից պարարտ հող է նախապատրաստում առավել շոշափելի տնտեսական աճ գրանցելու համար, մյուս կողմից էլ՝ հավելյալ հնարավորություններ դիմակայելու արտաքին տնտեսական շոկերին»,- իր խոսքը եզրափակեց բանախոսը: