01/06/2016 09:52
Օտարերկրյա ներդրումների այսպիսի գահավիժում Հայաստանում երբեք չէր արձանագրվել. ՀԺ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած մի ցուցանիշ պարզապես ապշեցնում է։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 35 անգամ։ Եթե անցած տարի արձանագրվել էր 60,1 միլիարդ դրամի օտարերկրյա ներդրում, ապա այս տարի՝ միայն 1,7 միլիարդ դրամի։
«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Օտարերկրյա ներդրումների այսպիսի, մեղմ ասած, գահավիժում Հայաստանում թերևս երբեք չէր արձանագրվել։ Նշել կոնկրետ պատճառներ, թե ինչով է սա պայմանավորված, առայժմ դժվար է։ Այս անկումը չունի որևէ օրինաչափություն՝ անկումները համատարած են, թե՛ երկրների, և թե՛ ոլորտների կտրվածքներով։ Սա թերևս արտահայտում է մեր տնտեսության ընդհանուր իրական վիճակը, որը իշխանությունը փորձում է խնամքով թաքցնել փայլեցված, դզած-փչած պաշտոնական ցուցանիշների հետևում։ Ուշագրավ է, որ ներդրումները նվազում են նաև օֆշորային գոտիներից։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխներն են խուսափում Հայաստանից ապօրինի դուրս բերած փողերը ներդնել իրենց լիակատար վերահսկողության տակ գտնվող մեր տնտեսության մեջ»։