02/06/2016 11:22
Մարտական գործողությունների շրջան մեկնած, բայց զինծառայության մեջ չգտնվող անձիք կճանաչվեն կամավորական
2016 թվականի ապրիլի 1-ից հետո մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորական գրված և մարտական գործողությունների շրջան մեկնած՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձիք ևս կճանաչվեն կամավորական և կառավարության կողմից կստանան համապատասխան աջակցություն:
Համապատասխան որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:
Ըստ որոշման՝ եթե կամավորականը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել (մահացել) է, անհայտ կորել է, կամ ստացել է մահվան պատճառ հանդիսացող կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածք, խեղում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով, ապա նրանց և նրանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը ևս կլինի սահմանված կարգով:
Սոցիալական պաշտպանությունն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող` զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար սահմանված կարգով: