07/06/2016 15:05
Միլոշ Զեման. Չեխիան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Չեխիան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է չեխական parlamentnilisty.cz կայքը:
«Հայաստանից վերադառնալուց հետո պետք է դիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանին՝ կոչ անելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին, որտեղ Ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլև Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ պետությունների, որովհետև կարծում եմ, որ այդ հարցում մենք հետ ենք մնում», - ասել է Միլոշ Զեմանը։
Վերջինս ընդգծել է, որ Հայաստանից վերադառնալուց անմիջապես հետո այս հարցով խոսելու է արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Վաղն առավոտյան Չեխիայի նախագահը այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: